Բանակից գողացել են 40 մլն դրամի դեղ ու սարքավորում. ո՞վ է չարաշահել իր դիրքը

Զորամասի հրամանատարությունը գողացել է զինվորների համար նախատեսված դեղերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը։

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, դեղաբազայի հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և, ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթղթերում, գրել են կեղծ ելքի ապրանքագրեր, և այդպիսով հափշտակել շուրջ 40 մլն ՀՀ դրամ արժողությամբ դեղամիջոցներ և սարքավորումներ։

Հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական դատախազությունը։

Հրամանատարի տեղակալը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է` գողության մեջ ներգրավված անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։