ՀՀ նախագահը հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որն այդպես էլ ավարտին չհասավ` թուրքական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանն ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: