ԱՄՆ–ի կառավարությանը հորդորել են 70 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին

Այդ գումարը կուղղվի Արցախի տարածքն ականազերծելու և շփման գիծը դիտարկման սարքերով հագեցնելու աշխատանքներին, կլուծվի նաև Սիրիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների փախստականների բնակության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Հայ դատի» հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ի սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովին` կոչ անելով 2019թ-ի ֆինանսական տարում 70 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին։ Այս մասին նշված է հանձնախմբի հաղորդագրությունում։

Միչիգանը ճանաչեց Արցախի անկախությունը. բանաձևի տեքստը

Խնդրագրի հեղինակները նշում են, որ ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախին` հանրապետության տարածքն ականազերծելու համար, ականները մնացել են 1992-1994թթ-ի մարտական գործողություններից ի վեր։

Գումարն անհրաժեշտ է նաև առաջնագծում հատուկ սարքեր տեղադրելու համար, որոնք թույլ կտան հսկել ադրբեջանական կողմի գործողությունները։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը խնդրել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես օգնություն Միջին Արևելքից եկած փախստականներին ընդունելու համար: