Հայաստանը կբացահայտենք ֆրանսիացիների համար. Լիոնում սպասում են դեպի Երևան ուղիղ չվերթին

Պարզվում է` Ֆրանսիայում երկար էին սպասում այն ավիաընկերությանը, որը կստանձներ Երևանի ուղղությամբ ուղիղ չվերթի կազմակերպման գործը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Լիոնի օդանավակայանն ու Armenia ավիաընկերությունը ջանքեր կգործադրեն, որպեսզի Երևանը Հարավային Կովկասում զբոսաշրջիկների հիմնական կանգառը դառնա։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Լիոնի «Սենտ Էքզյուպերի» միջազգային օդանավակայանի գովազդի և մարքեթինգի գծով տնօրեն Ստեֆան Ժեֆրուան, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Լիոնից։

Նոր կանոններ. ի՞նչ են թույլ տալիս սրահ տանել ռուսական ավիաընկերությունները

Լիոնում փետրվարի 27-ին տեղի ունեցավ ամենամյա workshop-ը, որին մասնակցեցին «Սենտ Էքզյուպերի» օդանավակայան չվերթեր իրականացնող մոտ 35 ավիաընկերություն և շուրջ 170 տուրօպերատոր։ Առաջին անգամ մասնակցեց նաև հայկական Armenia ավիաընկերությունը, որն ապրիլի 19-ին Երևան-Լիոն ուղիղ կանոնավոր չվերթ է գործարկում։

«Մենք երկար ժամանակ փորձում էինք գտնել մի ավիաընկերություն, որը Հայաստանի ուղղությամբ չվերթեր կիրականացներ։ Այդ ուղղությունը պահանջված է, հատկապես Լիոնի և մերձակա քաղաքների հայերի շրջանում։ Ինչպես գիտեք, մեզ մոտ մեծ համայնք կա», — ասաց Ժեֆրուան։

Նա ընդգծեց` Լիոնի և Երևանի միջև կանոնավոր չվերթերը կօգնեն, որը ֆրանսիացիները բացահայտեն Հայաստանը։

«Միմյանց հետ համագործակցելով` մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում զբոսաշրջիկների գլխավոր կանգառը դառնա։ Համոզված եմ, որ Լիոնից Երևան և հակառակ ուղղությամբ մեծ ուղևորահոսք կլինի», — ասաց Ժեֆրուան։

Նա վստահեցրեց, որ Լիոնից Երևան թռիչքի ժամանակ Armenia ավիաընկերության Boeing 737-700 օդանավերում ազատ տեղեր չեն լինելու։ Ժեֆրուան խոստովանեց, որ անձամբ է սպասում, թե երբ կբացահայտի իր համար անհայտ Հայաստանը։

«Կվարտիե Լիբրե» զբոսաշրջային ընկերության` տեխնիկական-առևտրային կապերի գծով ներկայացուցիչ Սեսիլիա Շմիդտը նույնպես համոզված է, որ ուղիղ չվերթերի գործարկմամբ Հայաստանը ֆրանսիացիների համար պահանջված ուղղություն կդառնա։

Երևան–Ուֆա ուղիղ չվերթերը վերականգնվում են

«Այսօր մենք տուրեր ենք կազմակերպում դեպի Երևան, սակայն կանգառներ անելով հարմար չէ թռչել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Շմիդտը` նշելով, որ ուղիղ չվերթի գործարկմամբ հարցը որոշակի առումով հնարավոր կլինի լուծել։

Armenia-ն մտադիր է գործարկել Երևան-Լիոն չվերթը ապրիլի 19-ից. շաբաթվա ընթացքում 2 չվերթ է իրականացվելու, խոստանում են, որ ավիատոմսերի գները մատչելի կլինեն։

«Երևան-Լիոն մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը 170 եվրո կլինի։ Եթե նայեք ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերով, նման գներ գրեթե չկան», — ասաց Armenia ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Նշենք, որ այսօր Հայաստանի ավիաշուկայում հայրենական երկու ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-ավիան»։