Գողություն տուրիստական ընկերության գրասենյակից. տեսանյութ

Տղամարդը հափշտակել է համակարգիչը, բջջային և քաղաքային հեռախոսները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Քննիչները փորձում են պարզել Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս հունվարի 13-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնում, գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակի պատուհանի ապակին կոտրելով, մուտք է գործել գրասենյակի տարածք և հափշտակել համակարգիչ, երկու բջջային և երկու քաղաքային հեռախոս՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ շրջում գրասենյակի սրահում, վերցնում ինչ-որ իրեր:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ նրա՝ դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։