ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Դեղերի մասին օրենքով սահմանված նոր կարգը իրարանցում է առաջացրել Երևանի բնակիչների շրջանում։ Մարդիկ, չիմանալով, թե ինչ կարելի է ակնկալել նորամուծություններից, վախենում են, որ չեն կարողանա իրենց համար անհրաժեշտ դեղամիջոցները գնել` ժամանակին և իրենց անհրաժեշտ քանակությամբ կամ որ դրանք լրացուցիչ ծախսեր կառաջացնեն։
Sputnik Արմենիայի թղթակիցը շրջել է Երևանի կենտրոնում գտնվող մի քանի դեղատներով, որպեսզի պարզի` բարեփոխումներն ուժի մեջ մտնելուց առաջ ավելացե՞լ է արդյոք դեղատների գնորդների քանակը։
«Երեկ օրվա երկրորդ կեսին գնորդների մեծ հոսք է եղել։ Մարդիկ հիմնականում հակաբիոտիկներ և հորմոնալ դեղամիջոցներ էին գնում։ Այսօր դեռ հանգիստ է։ Գուցե օրվա վերջում հաճախորդների թիվն ավելանա», — ասաց մայրաքաղաքի դեղատներից մեկի աշխատակցուհին։
Մեկ այլ դեղատան դեղագործի խոսքով` ողջ օրվա ընթացքում հաճախորդների քանակը մոտ երկու անգամ գերազանցել է սովորական ցուցանիշները։
Դեղատների աշխատակիցները նաև դժգոհեցին բարեփոխումներից, քանի որ, ըստ նրանց, դրանք կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել։
«Կան մարդիկ, որոնք հնարավորություն չունեն բժիշկի նշանակած 30 հաբը գնելու և ընդամենը 5 հաբ են գնում։ Իսկ հիմա մենք պարտավոր ենք այդ ամենը գրանցել։ Բացի այդ, յուրաքանչյուր նման դեղատոմսի դիմաց հիվանդը պետք է 300 դրամ վճարի», — հայտնեց դեղագործը։
Մենք որոշեցինք հետաքրքրվել ՀՀ առողջապահության նախարարությունից` որքանո՞վ են այդ մտահոգությունները հիմնավորված։ Ինչպես պարզվեց, դեղատոմս ստանալու կարգը հետևյալն է` հիվանդը խորհրդատվություն է անցնում պոլիկլինիկայում, որից հետո բժիշկի դեղատոմոսվ այցելում է դեղատուն։ Այս կարգը պահպանելու դեպքում` 300 դրամ վճարելու կարիք չի լինի։
Հիշեցնենք, որ փոփոխությունների համաձայն` մարտի 1-ից հակաբիոտիկներն ու հորմոնալ, ինչպես նաև կոդեին պարունակող դեղամիջոցները վաճառվելու են բժիշկի դեղատոմսով։
Իսկ հուլիսի 1-ից կարգը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա։ Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին: