ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության մասնակիցները կընտրեն ամսվա լավագույն «զինագործին»։ Կոչման հավակնորդներից մեկը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է։
«Հենրիխ Մխիթարյանը մեր առաջատարներից է, և նա արդեն նվաճել է մեր երկրպագուների սրտերը «Էմիրեյթս» մարզադաշտում։ Սեփական հարկի տակ դեբյուտի ժամանակ նա գոլային փոխանցումների հեթ տրիք է ձևակերպել», — նշվում է հարցման նկարագրությունում։
«Լավագույնի» կարգավիճակի հավակնորդները չորսն են. Մխիթարյանից բացի, քվեարկությանը մասնակցում են Ահարոն Ռեմզին և պաշտպաններ Նաչո Մոնրեալը, Էկտոր Բելյերինը։
Հարցմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։