ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, և Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը»,- նշված է տեքստում:
Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին: