ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ադրբեջանցի երգչուհի և դերասանուհի Ֆաթիմա Աբասկուլիևան Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկուն մեղադրել է բռնաբարության մեջ։
Աբասկուլիևան աղմկահարույց հայտարարությունն արել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման տաղավարում։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` ներկայացնելով հաղորդման տեսագրությունը։
19 տարեկանում աղջիկը մեկնել է Մոսկվա, ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։
«Երբ սովորում էի երրորդ կուրսում, տեղափոխվեցի Մարկ Գրիգորևիչ Ռոզովսկու արվեստանոց։ Նա ինձ գրկաբաց ընդունեց։ Մի անգամ մոտեցավ ինձ և ասաց, որ ցանկանում է իմ կարիերայի մասին խոսել թատրոնից դուրս, և ես գնացի նշված հասցեով։ Նա սկսեց խոսել այն մասին, թե ես որքան լավն եմ, և ասաց, որ պետք է զգա ինձ», — պատմել է Աբասկուլիևան։
Աղջկա խոսքով` Ռոզովսկին տարել է նրան սենյակ, որտեղ մեծ մահճակալ է եղել և սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ։ Երգչուհին մինչև հիմա չի կարողանում մոռանալ այդ օրը։ Դրանից հետո ռեժիսորը խնդրել է նրան գաղտնի պահել ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չիմանա նրանց կապի մասին։
Հետագայում Աբասկուլիևան ձգտել է խուսափել Ռոզովսկու հետ հանդիպումից։ Դա շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիսորը երկրորդ անգամ չի մոտեցել նրան։
«Ես նրանից վախենում էի և չէի կարողանում որևէ բան ասել։ Դա երկրորդ և վերջին հանդիպումն էր։ Ինձ թվում էր, որ ես եմ մեղավոր։ Մտածում էի` գուցե մեղավորն իմ արտաքինն է։ Այդ ժամանակ ես բավականին վառ էի հագնվում…», — խոստովանել է դերասանուհին։
Ինչպես պարզվել է, «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավարի ոտնձգությունների մասին լուրերը վաղուց են պտտվել։
«Ես 15 տարի առաջ եմ ավարտել ձեր ինստիտուտը։ Արդեն այդ ժամանակ նման բամբասանքներ կային», — հաղորդման ժամանակ ասել է երգիչ Դմիտրի Նեստերովը։
Ի դեպ, Ֆաթիման աշխատել է այդ թատրոնում, բայց նա ազատվել է։ Դերասանուհու կարծիքով` Ռոզովսկին մինչև հիմա ոտնձգություն է կատարում երիտասարդ դերասանուհիների նկատմամբ։
«Ես ուզում եմ պատժել այդ մարդուն», — ասել է Աբասկուլիևան։
Մարկ Ռոզովսկու ընկեր Վլադիմիր Դոլինսկին ասել է, որ Ֆաթիման զրպարտում է հայտնի ռեժիսորին։
«Նա ստում է ամբողջ երկրի առաջ, որպեսզի իրեն ճանաչեն։ Ինչի՞ մասին ես խոսում։ Մարկ Գրիգորևիչը, որ դերասանուհիների աստղաբույլ է ստեղծել… Նա թատրոնում, որն իր ձեռքով է կառուցել, 200 ներկայացում է բեմադրել։ Նա 70 տարեկանում քեզ կտաներ նկու՞ղ», — վրդովվել է Դոլինսկին։
Նա նշել է, որ Աբասկուլիևան Ռոզովսկու ոչ ադեկվատ պահվածքի ապացույցներ չունի։
Լրագրողները կապ են հաստատել հենց Մարկ Ռոզովսկու հետ։ Ռեժիսորը հերքել է Ֆաթիմա Աբասկուլիևայի մեղադրանքները և ասել, որ երգչուհին ադեկվատ մարդ չէ։
Նշենք, որ Մարկ Ռոզովսկին թատերական ռեժիսոր է, դրամատուրգ և սցենարիստ, կոմպոզիտոր, արձակագիր, բանաստեղծ, «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։