Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է RT-ի և Sputnik-ի դեմ ԱՄՆ-ի նախաձեռնած պայքարը

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության և RT միջազգային ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է RT-ի և Sputnik-ի լրահոսում հրապարակվող նյութերի դեմ «պայքարելու» ամերիկացիների նոր առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Անցած շաբաթ ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատողներ Ռոբերտ Բլեքվիլը և Ֆիլիպ Գորդոնը, ովքեր ժամանակին ԱՄՆ-ի ազգային անվտանգության համակարգում ազդեցիկ դիրք էին զբաղեցնում, The Hill պարբերականում հոդված են հրապարակել` Ռուսաստանին դիմակայելու առաջարկով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Բլեքվիլն ու Գորդոնը կարծում են, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է օրենքներ ընդունել, որոնք թույլ կտան ուղղորդել, վերահսկել արտասահմանցիների հովանավորությամբ իրականացվող քաղաքական գովազդը, ինչպես նաև ջնջել, հեռացել ֆեյքային նյութերն ու էջերը։ Հեղինակների մտահղացման համաձայն` առաջարկվող միջոցառումները կօգնեն սահմանափակելու ռուսաստանյան RT և Sputnik լրատվամիջոցների միջոցով իրականացվող քարոզչությունը։

«Հիմա էլ ցանկանում են արգելքներ դնել մեր լրահոսի վրա` բնականաբար, հանուն խոսքի ազատության»,- այսպես է մեկնաբանել այդ առաջարկը «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության և RT միջազգային ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Դեռ նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ցուցակի մեջ ներառել էր նաև RT America հեռուստաալիքը և գործընկեր Sputnik — Reston Translator ընկերությունը, որը Ամերիկայում հեռարձակում է Sputnik ռադիոալիքի հաղորդումները։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որպես արտասահմանյան գործակալ է գրանցել RIA Global ընկերությունը, որը լրատվական նյութեր է տրամադրում Sputnik գործակալությանը։

Որպես պատասխան` Ռուսաստանում համարժեք օրենք է ընդունվել, որով արտասահմանյան լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորումն իրականացվում է դրսից, որպես օտարերկրյա գործակալներ կճանաչվեն։