ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Մինչ հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սևեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Եվ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր:
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները:
«Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին ևս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին»,- գրում է թերթը:
Ըստ հոդվածագրի` կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձևավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի: