ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Համընդհանուր հռչակագիրը մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթղթերից մեկն է: Այնուամենայնիվ, աշխարհի շատ մասերում դրա դրույթները ոչ միայն շարունակաբար անտեսվել են, այլ նաև կոպտագույն ձևով խախտվել:
«Երեսուն տարի առաջ՝ 1988 թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի հետևանքով բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով»,- ասել է Նալբանդյանը:
Նախարարն իր ելույթում նշել է` սումգայիթյան կոտորածը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, Եվրախորհրդարանն անգամ համապատասխան բանաձև ընդունեց։ Ցավոք, այդ հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: Ինչպես բազմիցս է տեղի ունեցել մարդկության պատմության ընթացքում, անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում և շատ այլ վայրերում։
«Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից և շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով, այսպես կոչված Խոջալուի քարոզչական արշավով փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ հայերին վարկաբեկել` նրանց պիտակավորելով իբր բռնություններ իրականացրած կողմ«,- նշել է ԱԳ նախարարը։
Նա արդարացիորեն ասել է, որ այդ ամենը Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականության մասն է կազմում։ Մինչև օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը և շատ այլ մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապես կիրառվող ատելության քարոզի առնչությամբ և որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը։ Նմանօրինակ հակահայկական քարոզչությունն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագություններ` ներառյալ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանությունները, դիակապտությունները, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումները:
Դիմելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին` Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձևը: Որպես դրա շարունակություն` կրկին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր:
«Աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքերի առջև, կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» և կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ«,- նշել է նախարարը:
Նալբանդյանն իր ելույթում տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը:
«Դեկտեմբերի 9-ին մենք Երևանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարևոր հարթակ կլինի այս զազրելի հանցագործության դեմ մեր միասնական պայքարի վճռականության արտացոլման, դրա շուրջ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման համար»,- հավելել է Նալբանդյանը։