Սարսափելի ավտովթար Երևան–Գյումրի–Բավրա ճանապարհին. կա երկու զոհ

ՃՏՊ–ի ականատեսները նշել են, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս երկուսը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկացնում եմ shamshyan.com-ը։

Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 04:00-ի սահմաններում դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

«Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գևորգյանն իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում», — հայտնում է կայքը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, վարորդի համագյուղացի, 69-ամյա Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, 37-ամյա Լալա Կիրկակոսյանն ու վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից Ս. Ֆիդանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:

Կայքի տվյալների համաձայն` Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և դրսում հայտնված մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին: