ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, ազգային փոքրամասնություններին պատկանող այլ պարբերականներ։
Ցուցահանդեսի համակարգող, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ այս միջոցառումը շատ կարևոր նշանակություն ունի՝ Ստամբուլի այլալեզու մամուլը հանրությանը ներկայացնելու առումով։
Նա ընդգծել է, որ ստամբուլյան մամուլի պատմությունը բոլորովին էլ միատարր չէ, այն ներառում է նաև մի շարք ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակված պարբերականները։ Մինչդեռ այսօր շատերը շատ աղոտ պատկերացում ունեն Ստամբուլում այլալեզու հրատարակությունների մասին։
«Այսօր ցուցահանդեսի այցելուներն ասում են, որ իրենք չգիտեին, որ Ստամբուլում այսքան ամսագրեր ու օրաթերթեր են հրատարակվել՝ այդքան բազմազան լեզուներով։ Այսօր նրանք գալիս են ցուցահանդես ու ասում՝ ուրեմն, Ստամբուլի մամուլը միագույն չէ, այն բազմազան է ու բազմերանգ։ Նրանք տեսնում են որոշ ցուցադրված օրինակներ ու միմյանց հարցնում՝ սա ի՞նչ է, ի՞նչ լեզվով է։ Հետո պարզում են, որ դրանք համշեներեն են կամ քրդերեն, հայերեն», — պատմել է Բիլմեզը։
Նշենք, որ փետրվարի 23-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը։