ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Երեկ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում հաղթած Սևակ Խանաղյանը երկրպագուների շնորհն է համարում իր հաղթանակը` ասելով, որ նաև նրանց միջոցով կարողացավ դուրս գալ եզրափակիչ և հաղթել։ Երգիչն Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնում երկրպագուներին և խոստանում, որ կարդարացնի նրանց հույսերը։
«Ասել, որ շնորհակալ եմ ձեզ, նշանակում է ոչինչ չասել։ Ես շատ շնորհակալ եմ, որ քվեարկեցիք և ձեր ձայներն ինձ տվեցիք, շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին, կաշխատեմ ձեզ հուսախաբ չանել և ջանք չխնայել Պորտուգալիայում արժանի ելույթ ունենալու, մեր երկիրը արժանապատվորեն ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ վստահության համար։ Մեծ մարդկային շնորհակալություն, առջևում ավելին է, միասին մենք ուժ ենք»,- ասում է Սևակը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի իր «Քամի» ստեղծագործությամբ: Հենց նա միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում միջազգային երգի մրցույթի ուղեգիր ստացավ` հավաքելով 24 միավոր: