ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Գախարիայի այցից հետո ակտիվացում կնկատվի հայ–վրացական հարաբերություններում»

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը համոզված է, որ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի այցը ոչ միայն կարևոր է, այլև որոշիչ հայ-վրացական հարաբերությունների համար։
Sputnik
Մելիքյան. «Գախարիայի այցից հետո ակտիվացում կնկատվի հայ–վրացական հարաբերություններում»

Մելիքյանի խոսքով` այդ այցը մի կողմից նպաստում է իրավապահ մարմինների ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մյուս կողմից քաղաքական ենթատեքստ ունի։

«Գախարիան Վրաստանի փոխվարչապետն է, իսկ այդ պաշտոնը զբաղեցնում են այն մարդիկ, որոնք իշխող թիմում կշիռ ունեն։ Գախարիայի այցը չի սահմանափակվում երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցության հարցերով, այն երկկողմ շփումը խորացնելու հնարավորություն կտա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Հայ փորձագետը նաև չի բացառում, որ առաջիկայում Գախարիան կանցնի այլ` ավելի «մեծ կշիռ ունեցող» գերատեսչություն կամ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

«Այսպիսի այցերը լավ սկիզբ են ապագայի շփումները հարթելու համար», — ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` գուցե հենց առաջիկա շաբաթների ընթացքում ակտիվացում նկատվի հայ-վրացական հարաբերություններում։