ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով առողջապահության ոլորտում նորամուծությունները, որոնց համաձայն դեղերի զգալի մասը կվաճառվի միայն դեղատոմսով, կառավարության բիզնես նախագիծն է։
Ըստ նրա` այդպիսի նախագծերը կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում։
«Կարելի է ասել, որ նորամուծությունը կվերածվի դեղատոմսերի բիզնեսի։ Օրինակ` ես ամբողջ կյանքում ընդունում եմ «Դիլատրենդ»։ Ինձ նշանակել են այդ հաբերը, և ես դրանք գնում եմ, այսքան տարի ընդունում եմ առանց բժշկի դեղատոմսի։ Բերեք ինձ թեկուզ մեկ օրինակ, երբ ինչ-որ մեկն ինքնաբուժությամբ վնաս է հասցրել իր առողջությանը կամ մահացել», — նման հարցադրմամբ հոգեբանը դիմեց լրագրողներին։
Սակայն եթե համացանցում փնտրեք, սխալ ախտորոշման կամ բուժման հազարավոր օրինակներ կգտնեք, որի հետևանքով մարդու առողջությանը մեծ վնաս է հասցվել։ Խուդոյանի խոսքով` եղել են նաև մահվան դեպքեր բժիշկների սխալների պատճառով։
Բացի այդ, փորձագետը համոզված է, որ բոլոր նորամուծություններն ավելի շատ կվնասեն Հայաստանում դեղագործական բիզնեսին։
Հոգեբանն իր օրինակը բերեց. Եվրոպայում իր դեղահաբերը գնում է 10 դոլարով, իսկ Հայաստանում նույն դեղն արժե 30 դոլար։ Փորձագետը համոզված է` դեղերի վաճառքի խստացման դեպքում գներն ավելի շատ կբարձրանան։
«Մեր ակադեմիկոս և սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը կարծում է, որ դա ոչ այլ ինչ է, քան էթնոցիդ։ Որոշ մարդիկ այդ նորամուծությունների շնորհիվ լավ վաստակում են։ Ոչ ոք դեղ չի գնի և դրանով վնասի իրեն», — վստահ է Խուդոյանը։
Այնուամենայնիվ, Խուդոյանը որոշ սահմանափակումների կողմ է։ Մասնավորապես, նա կարծում է, որ դեղատոմսով պետք է բաց թողնվեն այն դեղերը, որոնք թմրանյութեր են պարունակում։
Մամուլի ասուլիսի մյուս հյուրը` սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հայթյանը, կարծում է, որ մեր երկրում առողջապահության համակարգն առանց այն էլ կոռումպացված է, ուստի հիմա լավագույն ժամանակը չէ նորամուծությունների համար։
Նա ենթադրում է, որ որոշ բժիշկներ մեր երկրում կարող են չարաշահել իրենց պաշտոնական լիազորությունները և դեղատոմս տրամադրելու համար հիվանդից մեծ փողեր շորթել։
Sputnik Արմենիայի թղթակցի խնդրանքով առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի վարիչ Անահիտ Մկրտչյանը մեկնաբանեց Խուդոյանի և Հայթյանի խոսքերը։
«Նախագծի նպատակն է բարելավել մեր բնակչության առողջական վիճակը։ Կոռուպցիոն ռիսկերի մասին խոսք լինել չի կարող։ Հասկանալի է, որ եթե մարդը բողոքում է որևէ ցավից, հիվանդությունից, ապա բժշկից լավ ոչ ոք չի օգնի նրան», — նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` բժշկի դեղատոմսը ճիշտ բուժման երաշխիքն է։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա քաղաքացիները միշտ կարող են թեժ գծով դիմել առողջապահության նախարարություն և պետական առողջապահական տեսչություն, որպեսզի բողոքին ընթացք տան։
«Բացի այդ, բժիշկը ձեզ իր ցանկությամբ դեղ չի կարողանա նշանակել, ուղղորդել։ Յուրաքանչյուր հիվանդ իրավունք ունի ընտրել այն դեղը, որը կարող է գնել, իր գրպանին հարմար է»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Մկրտչյանը նաև հավելեց, որ ատամի ցավի կամ գլխացավի դեպքում ցանկացած դեղատանը կարելի է գտնել ցավազրկող դեղերի բավական լայն տեսականի, որոնք կվաճառվեն առանց բժշկի դեղատոմսի։ Սաստիկ ցավերի և նոպաների ժամանակ մասնագետը խորհուրդ տվեց շտապօգնություն կանչել։
Փոփոխությունների համաձայն` մարտի 1-ից դեղատոմսերով բաց կթողնվեն հակավարակային և հորմոնային դեղերը, ինչպես նաև կոդեին պարունակող դեղամիջոցները։ Հուլիսի 1-ից կանոնը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա։ Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին։