Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի գոտին հայի ձեռքերում է

Դնեպր քաղաքում բնակվող բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО), փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն ամերիկյան Ինգլվուդ քաղաքում գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար անցկացված մենամարտում հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО), դարձել է գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը` 37-ամյա ամերիկացու նկատմամբ մեծ առավելություն ունենալով. նա ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և ավելի լավ էր պաշտպանվում։ Արդյունքում՝ երեք մրցավարները Դալաքյանին են շնորհել հաղթանակը, և Դալաքյանը հաղթել է 118-110 հաշվով։