ԵՐԵՎԱՆ, 25 Փետրվար — Sputnik. Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան Տիար Շերեֆ Մալքոչին։ Հայտնում է Հայոց պատրիարքության պաշտոնական կայքը։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԻՊ-ի` ազգային փոքրամասնությունների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի շրջանակում։
Ընթրիքի ժամանակ Թուրքիայի ոչ մուսուլմանական համայնքների 30 ներկայացուցիչների հետ պաշտպանը քննարկել է կրոնական փոքրամասնությունների խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Ինչպես փոխանցում է պատրիարքարանի կայքը, հանդիպման ընթացքում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը կարևորել է հայ համայնքի ինքնակառավարման խնդիրը` նշելով, որ համայնքն այսօր զրկված է պաշտոնական կարգավիճակից, իրավաբանական անձ լինելու հնարավորությունից` դրա հնարավոր հետևանքներով։
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին ասել է, որ Թուրքիայի խաղաղ մթնոլորտը խափանվեց ահաբեկչական գործողությունների հետևանքով։ «Եթե Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների գործողությունները տեղի չունենային և չլիներ 2015-ի հուլիսի զինված հեղաշրջման փորձը, երկիրը իրավունքների և ազատությունների տեսակետից այլ հարթության վրա կլիներ»,- ասել է Տիար Շերեֆ Մալքոչին։
Բացի պատրիարքական փոխանորդից պաշտոնական ընթրիքին մասնակցել են նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։