ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Ոստիկանության Սպիտակի բաժինը Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել մահացած տղամարդու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները ձորակում հայտնաբերել են ВАЗ 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը վարել է Լեռնավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հրանտ Գևորգյանը։ Նա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել մեկ այլ ոլորապտույտ հատվածում գտնվող ձորակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Գևորգյանը մահացել է ժամեր առաջ, քանի որ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ նա եղել է ավտոմեքենայից դուրս ընկած, սառած վիճակում։
Ավտոմեքենան գյուղացիների օգնությամբ տրակտորով դուրս են բերել երթևեկելի գոտի և տեղափոխել Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։