Գագիկ Ծառուկյանն արդեն գիտի` ում է ուզում տեսնել ՀՀ նախագահի աթոռին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմնորոշվել է ՀՀ նախագահի թեկնածության ընտրության հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։

ԲՀԿ առաջնորդը լսեց թիմակիցների դիտարկումները և հայտարարեց, որ իրենց և Արմեն Սարգսյանի տեսակետները համընկնում են։

«Նա որևէ կուսակցության անդամ չէ, մնում է, որ իր ստեղծած անունն ու հեղինակությունը պահի»,- ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդի խոսքով` Արմեն Սարգսյանին պետք է հնարավորություն տալ, որ իր խոստումները կատարի։

Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) առաջադրել է որպես Հանրապետության նախագահի թեկնածու, ընդունել է նախագահ դառնալու առաջարկը և այդ մասին հայտնել ՀՀ ներկային նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։