ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. «Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրեցին զինվորական երդման խորհրդով: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ, այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսի իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:
Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի հետ, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ: