Երևանում օտարերկրացի հաճախորդն ադրբեջանական մանրադրամ է տվել մատուցողին

«Հրապարակ» օրաթերթը պատմում է երևանյան սրճարաններից մեկում հայտնված տարօրինակ օտարերկրացու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Երևանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել և հեռացել սրճարանից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդին օրեր առաջ դաժանաբար ծեծել են

Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետև հաճախորդը վերադարձել է ծխախոտի հետևից։

Մատուցողը տվել է ծխախոտը և որպես թեյավճար ստացել մետաղադրամը։

Մատուցողի խոսքով՝ տեսնելով մետաղադրամը, սկսել է հարցուփորձ անել նրան․ «Էդ մարդը մի քանի օր ա, ինչ գալիս ա մեր մոտ, միշտ նույն սեղանին ա նստում, ոչ ոքի հետ չի խոսում, պիվա ա խմում, ծխում ա ու գնում։ Մեկ էլ թղթի վրա ինչ —որ բաներ ա գրում, նայում ա ոստիկանական մեքենաներին»,- ասաց սրճարանի մատուցողը։

Իսկ թղթի վրա նո՞ւյնպես լատինատառ է գրում․ «Չէ, ավելի շատ արաբական տառերի էին նման, բայց հստակ չեմ կարող ասել։ Ես նրանից հարցրի, թե որտեղի՞ց է, ասաց, որ ամերիկացի է։ Հետո հարցրի, թե ի՞նչ մասնագիտություն ունի, պատասխանեց, որ ուսուցիչ է ու հեռացավ»։

Ըստ «Հրապարակի»` սրճարանի մատուցողները, տեսնելով մետաղադրամը, միանգամից լուսանկարել են օտարերկրացուն, սակայն դեմքը չի երևում: