ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Ցանկացած պահի կարելի է առաջին անհրաժեշտության ցավազրկող, ջերմիջեցնող դեղ գնել»

Այսուհետև դեղերի մի մասը հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով։ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում վստահեցնում է, որ այդ խստացումը չի վերաբերի առաջին անհրաժեշտության ցավազրկող և ջերմիջեցնող դեղերին։
Sputnik
Անահիտ Մկրտչյան

Առաջնային օգնության ցավազրկողներն ու ջերմիջեցնողները հիմնականում առանց դեղատոմսի վաճառվող դեղեր են, նշում է Անահիտ Մկրտչյանը։

«Օրվա ցանկացած պահի քաղաքացին կարող է ձեռք բերել առաջին անհրաժեշտության ցավազրկող և ջերմիջեցնող դեղեր, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի։ Դրա համար բժշկի մոտ գնալու կարիք չկա։ Եթե քաղաքացին սովորական գլխացավ ունի, կարող է գնել պարացետամոլ, իբուպրոֆեն և այդ շարքի այլ դեղեր»,- նշում է նա։

Հայաստանում գրանցված 4600 անուն դեղամիջոցներից 2700-ը դեղատներում կվաճառվի միայն դեղատոմսով։

«Այդ դեղամիջոցները հիմնականում ավելի սուր հիվանդությունների ժամանակ են օգտագործվում և ավելի սուր հակացուցումներ ունեն։ Դրանք պետք է անպայման բժիշկը նշանակի»,- ասում Մկրտչյանը։

Նրա խոսքով` կկիրառվի նաև դեղատոմսի նոր ձևաթուղթ (բազմակի օգտագործման), որը նախատեսված է վեց ամսվա համար։