Ոչ թե թուրք ենք, այլ հա՞յ. Թուրքիան «խենթացել» է ծագումնաբանական «մերկացման» պատճառով

Թուրքիայում մեծ իրարանցում է առաջացրել էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը, որի միջոցով կարելի է վերականգնել տոհմածառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Թուրքիայում գործարկված նոր հարթակի շնորհիվ թուրքերից շատերը պարզել են, որ իրենք հայկական ծագում ունեն։

Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում նոր հարթակ է գործարկվել, որի միջոցով երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը` համակարգում գրանցելով սեփական անունը, ազգանունն ու ծննդյան տարեթիվը։

Թուրքիան հետ է կանչել իր դիվանագետին Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով

Ինչպես գրում է Al-Monitor պարբերականը, նախորդ տարիներին, երբ Թուրքիան դեռ ԵՄ անդամ դառնալու հույս ուներ, Թուրքիայի բնակիչները կասկածի տակ էին դրել իրենց էթնիկ և կրոնական պատկանելությունը, բայց իշխանությունը կարողացավ հասնել նրան, որ այսօր վիրավորում են այդ մարդկանց և «ծպտյալ հայեր» անվանում։

2004 թվականին «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը գրել էր, որ Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գեկչենը հայկական արմատներ ուներ։ Նրա այդ և այլ հոդվածները հետաքննության պատճառ դարձան, իսկ 2007 թվականին Դինքը սպանվեց։

Դինքի պատմությունը ցույց է տալիս` ինչու է մինչև օրս մարդկանց ծագման թեման շարունակում զգայուն մնալ, հատկապես Թուրքիայի շրջաններում։ Մարդկանց նույնականացնող տվյալների գաղտնիությունն ազգային անվտանգության խնդիր է համարվում։

Այդ գաղտնիության նպատակն է թաքցնել այն, որ տասնյակ հայեր, սիրիացիներ, հույներ և հրեաներ սկսել են իսլամ դավանել։

Որոշ մարդիկ, որոնք միշտ պարծեցել են «անարատ» թուրք լինելով, ապշել են, երբ իմացել են, որ իրենք իրականում էթնիկ և կրոնական այլ արմատներ ունեն։

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. արդյոք Թուրքիան կպատասխանի՞

Սոցցանցերում սկսել են շատանալ այսօրինակ մեկնաբանությունները. «Վերջապես դավաճաններն իմանում են իրենց արմատների մասին»։

Ծագումնաբանությունը ոչ միայն տարածված թեմա է թուրքական հասարակության մեջ, այլև սոցիալական և քաղաքական տարանջատման գործիք։

Շատերն ընդունում են իրենց հայկական արմատները կամ այն, որ վաղուց մահացած բարեկամը դավանափոխ է եղել, բայց այդ ամենը սահմանափակվում է ընտանիքի շրջանակով։

Հասկանալու համար, թե թեման որքան լուրջ է, բավական է հիշել նախագահ Էրդողանի հայտարարությունը. «Մեզ մեղադրում են նրանում, որ մենք հրեա, հայ կամ հույն ենք»։

Որոշ հասարակական գործիչներ և լրագրողներ դեմ էին ռեգիստրներ բացելուն` նշելով, որ իրավիճակը կարող է սոցիալական անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Հունական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ Թուրքիայի մի շարք քաղաքացիներ, որոնք հանկարծ պարզել են իրենց հունական արմատները, սկսել են Հունաստանի հյուպատոսություն դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Գուցե պատճառը նաև այն է, որ այդ բացահայտումը նրանց համար ճանապարհ է բացում «դեպի Եվրոպա»։