Թուրքիան հետ է կանչել իր դիվանագետին Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով

Անկարան Նիդեռլանդներին հորդորում է վերանայել Թուրքիայի հանդեպ կողմնակալ վերաբերմունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Թուրքիայի արտգործնախարարությունը Նիդեռլանդներում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ է կանչել Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Sabah-ին։

Նշենք, որ Նիդեռլանդների խորհրդարանը երեկ` փետրվարի 22-ին, Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձև է ընդունել։ Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդեռլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով այսուհետ պարտադրվելու է Նիդեռլանդների կառավարությանը առնվազն հինգ տարին մեկ անգամ նախարարի մակարդակով ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք Նիդեռլանդների քաղաքական գործիչներին հորդորում ենք վերանայել Թուրքիայի հանդեպ կողմնակալ վերաբերմունքն ու չքաղաքականացնել պատմությունը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյի գրավոր հայտարարության մեջ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես արձագանքել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` նշելով, որ Նիդեռլանդների խորհրդարանն այս քայլով վերահավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

Անկարան դատապարտել է Նիդեռլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար