ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Նիդեռլանդների խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Շնորհակալություն հոլանդական խորհրդարանին և Նիդեռլանդներում մեր բոլոր բարեկամներին: Ճշմարտությունը մշտապես պետք է գերակայի՝ անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և ռեալ քաղաքականությունից: Մասամբ դրա նախապայմանն այն է, որ սա ոչ թե պարզապես պատմական շտկում է, այլ նաև այն, որ աշխարհը սարսափելի հոգնել է Էրդողանից և կամակատարներից»,- նշել է Թանկյանը:
Նշենք, որ Նիդեռլանդների խորհրդարանը երեկ` փետրվարի 22-ին, Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձև է ընդունել։ Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդեռլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով այսուհետ պարտադրվելու է Նիդեռլանդների կառավարությանը առնվազն հինգ տարին մեկ անգամ նախարարի մակարդակով ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիայի արտգործնախարարությունը Նիդեռլանդներում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ է կանչել Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի պատճառով` հորդորելով վերանայել Թուրքիայի հանդեպ կողմնակալ վերաբերմունքը։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես արձագանքել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` նշելով, որ Նիդեռլանդների խորհրդարանն այս քայլով վերահավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։