Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. արդյոք Թուրքիան կպատասխանի՞

Մայր Աթոռն ակնկալում է Թուրքիայից ընդառաջել Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման արդար պահանջին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը կրկին իր մտահոգությունն է արտահայտել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող տասը տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ։ Այս մասին նշված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։

Ախոյան. «Աթեշյանը`որպես մատաղացու գառ, գնաց, ընկավ թուրքական իշխանության ոտքերը»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, փետրվարի 20-23-ը տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ է կատարվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։

Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության մեջ։

«Ցավով ենք արձանագրում, որ եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը»,- նշված է հայտարարության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։

Հայերի վզին փաթաթված Աթեշյանը. Թուրքիան արգելքներ է ստեղծում Պոլսո Հայոց պատրիարքի համար

Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018 թ. փետրվարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` Մայր Աթոռը սթափության կոչ է ուղղել Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ.Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը:

«Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին»,- նշված է հայտարարության մեջ։

Մայր Աթոռը հանդարտության հրավեր է ուղղել նաև աշխարհասփյուռ հայերին, որպեսզի Պոլսո Աթոռը կարողանա ողջախոհությամբ և զսպվածությամբ հաղթահարել ստեղծված կացությունը:

Հիշեցնենք` 9 տարի կոմայի մեջ գտնվող Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին հայ եկեղեցու որոշմամբ 2017թ-ի մարտից պետք է փոխարիներ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, բայց Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին պատրիարքի նոր ընտրություններ իրականացնել` ստիպելով տեղապահի պաշտոնը վերադարձնել իրենց նշանակած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Թուրքական իշխանությունների ճնշման տակ Բեքչյանն այս տարվա փետրվարի 13-ին հայտարարեց, որ հեռանում է Թուրքիայից` տեղապահի աթոռը դարձյալ զիջելով Աթեշյանին։