Հրանտ Մաթևոսյանի ժառանգությունը պետք է Հայաստանի այցեքարտը դառնա

Երևանում ընթանում է «Հրանտ Մաթևոսյան» թանգարան–կենտրոնի շինարարությունը, որը գրողի արվեստի վերածնման յուրօրինակ նախագիծ կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգությունը պետք է Հայաստանի այցեքարտը դառնա։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին հայտարարեց գրողի որդին` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։

Այս պահին Երևանում ընթանում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը, որը մեկնարկել է երկուսուկես տարի առաջ։ Մաթևոսյանի որդին հույս ունի, որ այս տարի հնարավոր կլինի ավարտել աշխատանքների հիմնական մասը։

Давид Матевосян

Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության պետական կոմիտեն է։ Ինչպես նշեց Մաթևոսյանը, նախատեսում են բացառիկ կենտրոն ստեղծել, որը մեծ գրողի արվեստին ծանոթանալու հնարավորություն կստեղծի` հիշողության մեջ վերստեղծելով նրա բազմաթիվ ստեղծագործությունների պատկերն ու կերպարները։

«Եթե այնտեղ առաջին անգամ եկած մարդը տեսնի, օրինակ, Անդրեյ Բիտովի` Մաթևոսյանին նվիրած չինական գեղանկարը, ապա հաջորդ անգամ նա կկարողանա տեսնել գրողի գրիչների հավաքածուն։ Եվ ամեն անգամ այդպես կլինի։ Գաղափարն այն է, որ հյուրն ուզենա նորից գալ այնտեղ»,- ասաց Մաթևոսյանը։

Թանգարանի շուրջ համապատասխան լանդշաֆտային դիզայնն էլ այցելուին կստիպի սուզվել մեծ գրողի հայրենի Լոռու հիասքանչ բնության մեջ։ Հեղինակների մտահղացմամբ` թանգարանը կկարողանա փոխել Հայաստանի մշակութային քաղաքականությունը։

Նրա խոսքով` հայ հասարակությունը դեռ լիովին չի հասկացել մեծագույն գրողներ Թումանյանի, Չարենցի, Իսահակյանի, Մաթևոսյանի գրական ժառանգությունը։ Մշակութային նոր կենտրոնի ստեղծողները կփորձեն փոքր-ինչ լրացնել այդ բացը։