Նալբանդյանը դիմել է բարեկամ Նիդեռլանդներին

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Էդվարդ Նալբանդյանը գնահատում է որպես հավատարմություն համամարդկային արժեքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդեռլանդների խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-ասված է հայտարարության մեջ։

Նալբանդյանի խոսքով` Նիդեռլանդների խորհրդարանն այս քայլով վերահավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

Անկարան դատապարտել է Նիդեռլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Նշենք, որ Նիդեռլանդների խորհրդարանը երեկ` փետրվարի 22-ին, Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձև է ընդունել։ Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդեռլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով այսուհետ պարտադրվելու է Նիդեռլանդների կառավարությանը առնվազն հինգ տարին մեկ անգամ նախարարի մակարդակովապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: