Էժան և որակո՞վ. Հայաստանում մտադիր են 300 դոլարանոց տներ կառուցել

Քաղաքաշինության կոմիտեն մտադիր է էժան բնակարաններ կառուցել, որոնց գնի և որակի մասին մասնագետների կարծիքները տարբեր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում բնակարանային խնդիրը լուծելու և չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեն էժան շենքեր կառուցելու տարբերակ է մշակել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ դրանցում 1 քմ-ի արժեքը չի գերազանցի 300 դոլարը, այլ կերպ ասած` 2-3 սենյականոց բնակարանի արժեքն այդ շենքում չի գերազանցի 20 000 դոլարը։

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում շինարարությունը կասեցվել է

«Դրանք կառուցվում են արտաքին մասից բետոնե շապիկի մեջ ամրացված պենոպլաստներով: Այդ տեխնոլոգիան շատ է կիրառվում աշխարհում»,- ասել է Սարգսյանը։

Այս նախագծի վերաբերյալ հայ մասնագետների կարծիքները միանշանակ չեն։ «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը Sputnik Արմենիային ասաց, որ «տուն» հասկացությունը տարբեր մեկնաբանություն կարող է ունենալ։

«Կարևոր է, թե ինչ նպատակի է ծառայելու կառուցվող տունը։ Կարող է մի կրպակ լինել, որտեղ գնում ես միայն գիշերը քնելու համար, կարող է կյանքի բոլոր դեպքերի համար ծառայել։ Կարևորը սա է, թե չէ տուն կարելի է, օրինակի համար, մի դրամով էլ կառուցել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մուշեղյանը` հավելելով, որ կարևորը ոչ թե արժեքն է, այլ որակը։

Իսկ որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի սեյսմիկ պայմաններում էժանագին տներ կառուցել։

«Եթե տունը մի հարկանի է, կարող ես հատակին պառկել և ոչ մի երկրաշարժ չի ազդի»,- ասաց նա։

Արտակարգ դեպք Գյումրիում. քառահարկ շենքի երկու հարկում փլուզում է տեղի ունեցել

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան էժան և որակյալ տների տարբերակը հավանական է համարում։

«Հիմա ամբողջ աշխարհն է արհեստական շինանյութ օգտագործում, հակառակը` մենք մեր շինարարության մեջ դեռ շարունակում ենք ավելի շատ բնական շինանյութեր կիրառել»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է էժան շենքերի սեյսմիկ անվտանգությանը, Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ նման մտավախություն չկա։

«Հիմա առանց սեյսմիկ անվտանգության ոչ միա նախագիծ չի հաստատվում»,- ասաց նա։

Նշենք, որ էժան շենքերը, Քաղաքաշինության կոմիտեի նախագծով, պետք է լինեն բազմաբնակարան, բայց ոչ բարձրահարկ։