Լատվիացի բլոգերը պատմել է Շուշիում թաքնված օբյեկտների մասին

Լատվիացի բլոգերը Շուշին լեգենդար քաղաք է համարում` հաշվի առնելով այն, թե որքան պատերազմներ է տեսել քաղաքը։ Հեղինակը ընթերցողներին պատմում է Շուշիի առանձնահատկությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ռիգացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին օտարերկրացի լրագրողների խմբի հետ փետրվարի 10-14-ն այցելել է Արցախ։ Eunetwork-ի իր բլոգում նա պատմել է Շուշիի մասին։

Ռուս լրագրող. «Ուրիշ ոչ մի տեղ քեզ այդքան ազատ և ապահով չես զգում, որքան Արցախում»

«Արցախ կատարած ուղևորության ժամանակ բացահայտեցինք տեղի վարչական կենտրոնը` Շուշին։ Քաղաքն Անդրկովկասի երկու կարևորագույն քաղաքներից մեկն է», — գրում է բլոգերը։

Նրա խոսքով` Շուշին պատերազմական դաժան տարիներ է վերապրել։

«Այստեղ կարելի է տեսնել դաժան ռմբակոծության բազմաթիվ վկայություններ` ավերված շենքեր և հուշարձաններ, գերեզմաններ։ Լեգենդար քաղաք է. այնքան պատերազմներ է վերապրել, որ նույնիսկ պատկերացնելն է դժվար։ Բացի այդ, այն տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է. պատմականորեն այստեղ են հատվում Պարսկաստանը, Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը», — նշում է Ալեքսեյը։

Նա նաև ավելացնում է, որ այսօր Շուշին վերականգնվում է, բայց այդ գործընթացը բավականին դանդաղ է ընթանում ռեսուրսների պակասի պատճառով։

«Այստեղ պատերազմի տարիներին մի շարք փախստականներ են տեղափոխվել, բայց տեղի բնակիչները շատ են ուզում, որ քաղաքը կրկին սկսի բարգավաճել։ Կարծում եմ` այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ են թաքնված, որոնք պետք է ճանաչի միջազգային հանրությունը։ Արցախի մշակույթը շատ ինքնատիպ է, անկախ և ինքնաբավ, այն տարբերվում է հարևան երկրների մշակույթներից, նույնիսկ Հայաստանի մշակույթի հետ որոշակի տարբերություններ կան», — գրում է բլոգերը։

Ալեքսեյն առաջարկում է իր ընթերցողներին քայլ առ քայլ ուսումնասիրել Շուշին։

Լուսանկարների վրա կարելի է տեսնել ԼՂՀ պատմական քարտեզները, միջնադարյան հետաքրքիր գործիքներ (այդ թվում մաչետե հիշեցնող գործիք), Վերին մզկիթը, պահպանված պարսկական բաղնիքները, ինչպես նաև լեռնային հանքանյութեր:

Վերջում բլոգերն ընդգծում է, որ Արցախում խաղաղությունը շատ կարևոր է ամբողջ տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու համար։