Ակնհայտ է, թե ումից է Ադրբեջանն օրինակ վերցնում. Էդվարդ Նալբանդյան

Երկու արտգործնախարարը հանդիպման ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ նաև Մադագասկարի նախագահի առաջիկա պետական այցին Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Փետրվար — Sputnik. ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ներկայացրեց երկու երկրների միջև հետագա համագործակցության ընդլայնման պլանները: Նա կարծում է, որ դրա համար կա համապատասխան ներուժ:

«Սա միայն սկիզբն է, մեր շփումները պետք  շարունակական լինեն: Մադագասկարը և Հայաստանը այդ մեծ ընտանիքի՝ Ֆրանկոֆոնիայի անդամ են, և այս ընտանիքում մենք, անշուշտ, նաև պիտի պաշտպանենք մարդասիրության և եղբայրության արժեքները: Այն ամենը, ինչ կարևոր է, ինչպես մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, մի ժողովրդի հարգանքը մյուսի նկատմամբ, այս բոլոր արժեքները մենք միավորում ենք:  Ես ապշած եմ, թե ինչքան ընդհանրություններ ունեն այս երկու ժողովուրդները»,- ասաց Մադագասկարի արտգործնախարարը:

ՀՀ ԱԳՆ. Աշխարհում տեսնում են` Բաքվի հայատյացությունը սպառնում է Կովկասի անվտանգությանը

Երկու արտգործնախարարը հանդիպման ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ նաև Մադագասկարի նախագահի առաջիկա պետական այցին Հայաստան:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Սումգայթի ջարդերի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի և այդ երկրի գլխավոր դատախազության հայտարարությունները, ասաց, որ ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից և զոհին մեղադրել հանցագործության մեջ:

«Ակնհայտ է, թե ումից է Ադրբեջանն օրինակ վերցնում: Հայտնի է, թե դա ինչ հետևանքներ կարող է դա ունենալ: Հանցագործությունները չճանաչելը կամ ժխտողականությունը, զոհին մեղադրելը  պարարտ հող են պատրաստում նոր հանցագործությունների համար, ինչը և տեղի ունեցավ Կիրովաբադում, Գանձակում, Բաքվում և այլուր, նաև  հենց վերջերս՝ 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: Կատարվեցին աղաղակող հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով, ընդհուպ դիակների խոշտանգումներ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից և զոհին մեղադրել հանցագործության մեջ: