Սարգսյան. «Ղարաբաղյան հիմնախնդրի հիմքում պետք է լինի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը»

ՀՀ նախագահի նստավայրում կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները, որից հետո Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են հայտարարություններով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի նախագահ Միշել Աունին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում»,- ասել է Սարգսյանը:

Նախագահներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության թեմային։ Սարգսյանի խոսքով` արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։

Աուն. Լիբանանը պաշտպանում է հայ ժողովրդի խաղաղության և ինքնիշխանության իրավունքը

«Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր»,- ասել է Սարգսյանը:

Նախագահները պայմանավորվել են շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Լիբանանի նախագահն ընդունել է հաջորդ հրավերը, և նա աշնանը նորից կգա Հայաստան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: