Գողություն պոլիկլինիկայում. բարձրացել է ճաղավանդակներով և մտել բժշկի սենյակ

Ոստիկանները պարզել են` ով է բժշկի սենյակից գողացել հեռուստացույցը, նոթբուքը, տեսախցիկը, ֆոտոխցիկը, օբյեկտիվն ու մակրոլուսարձակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի —Sputnik. Երևանի ոստիկանները գտել են Երևանի պոլիկլինիկաներից մեկում գողություն կատարած անձին ու գողոնը։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանի պոլիկլինիկաներից մեկի բժիշկը փետրվարի 17-ին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ նախորդ օրը կամ երեկոյան բացել են իր աշխատասենյակի պատուհանը և գողացել տարբեր իրեր:

Օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրել է, որ կասկածյալը ծառի ճյուղերով և առաջին հարկի ճաղավանդակներով բարձրացել է երկրորդ հարկ, տեխնիկական միջոցների օգնությամբ բացել պատուհանն ու գողացել հեռուստացույց, նոթբուք, տեսախցիկ, ֆոտոխցիկ, օբյեկտիվ և մակրոլուսարձակ:

Դեպքից 3 օր անց ոստիկանները գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Արման Խաչատրյանին: Նրա նկուղում հայտնաբերվել է գողոնը: