Լիլիթ Սոխակյան, հատուկ Sputnik-ի համար
Բուենոս Այրեսի Կիրխների մշակութային կենտրոնում 2017 թվականի հոկտեմբերի 26-ին բացվեց «Այցելուներ» խորագիրը կրող մեծածավալ ցուցահանդեսը, որի համադրողը՝ արգենտինացի արվեստագետ Գիյերմո Կուիտկան, Դևիդ Լինչի, Նոբույոշի Առակիի, Անյես Վարդայի, Փեթի Սմիթի և տասնյակ այլ հանրահայտ ժամանակակից արվեստագետների նմուշների կողքին ցուցադրում է նաև Արտավազդ Փելեշյանի «Բնակիչները» ֆիլմը (1970թ.):
«Բնակիչների» հանդեպ համադրողի առանձնահատուկ համակրանքը դրսևորվել էր դեռ 2014 թվականին, երբ ֆիլմը ներկայացվել էր որպես նրա փարիզյան ցուցահանդեսի գլխավոր նմուշներից մեկը։ Ֆիլմի անվանումը նաև ամբողջ ցուցահանդեսի խորագիր էր դարձել:
Այսօր Բուենոս Այրեսի Կիրխներ թանգարանի ցուցահանդեսի այցելուների թիվը ռեկորդային է։ Մեծ պահանջարկի պատճառով ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև սույն թվականի հունիսի 24-ը:
Կիսախավար սրահում մշտապես ցուցադրվող «Բնակիչները» երկխոսության մեջ են ճապոնացի հանրահայտ լուսանկարիչ Հիրոշի Սուգիմոտոյի սև ու սպիտակ ծավալային լուսանկարների հետ: Փելեշյանական սև ու սպիտակ կադրերը համադրվում են ճապոնական երկրաչափական ֆորմաների հետ` արտացոլվելով դրանց մեջ:
Շուտով Փելեշյանի մասին կսկսեն խոսել մեկ այլ հեռավոր երկրում, բայց դրա մասին կխոսենք ավելի ուշ:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում` Lեոնիդ Քրիստիի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ նա մեծ ճանաչում է ձեռք բերել կինեմատոգրաֆիստների շրջանում։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի ամենահայտնի ֆիլմը «Տարվա եղանակներն» է։
Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որն արժանացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։
Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսոր-վավերագրողին։