ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ում հրապարակել է իր նոր տեսահոլովակը` բալկանյան երգի հիման վրա։ Վերջերս երգչուհին հաճախ է տարբեր ժողովուրդների ազգային երգերի կատարմամբ ներկայանում, և դրանցից շատերի հիման վրա տեսահոլովակներ է թողարկում։ Այս անգամ նրա կատարմամբ երգը հայերեն է, սակայն երաժշտությունը բալկանյան է, ինչպես հավաստիացնում է իր երկրպագուներին Լիլիթ Հովհաննիսյանը։
Նախորդ տարեվերջին հայկական էստրադայի աստղը հանդիսատեսին էր ներկայացրել ղազախական սիրված երգերից մեկի Kua Bol-ի իր մեկնաբանությունը։ Իսկ տեսահոլովակում նա ղազախական տարազով էր: Youtube-ում տեղադրված երգի տեսագրության մեկնաբանություններում Լիլիթի ղազախ երկրպագուները խոստովանել էին, որ նա բավականին մաքուր է արտաբերում իրենց բառերը, իսկ կատարումը բավականին հաջողված է:
Նոր տեսահոլովակը մի քանի ժամվա ընթացքում 44 հազար դիտում է ունեցել։