«Քարերի սիմֆոնիայի» տարածքում շինարարությունը կասեցվել է

Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ կատարվող շինարարությունը դադարեցված է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով նախօրեին համացանցում տարածված տեղեկություններին, ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Գառնիում` «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում, կատարվող շինարարության մասին ահազանգը ստանալուց հետո Բնապահպանական տեսչության աշխատակիցները մեկնել են տարածք և կասեցրել շինաշխատանքները։ Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին հայտնեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Բնության հատուկ պահպանվող տարածք է համարվում նաև բնության հուշարձանը։ Տվյալ դեպքում «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան, և ընդամենը մի քանի ամիս առաջ մենք հաստատել ենք այդ հուշարձանի տեխնիկական անձնագիրն ու սահմանները»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ շինարարական աշխատանքները կասեցված են այնքան ժամանակ, մինչև կպարզվի` արդյոք դրանք իրականացվում են հուշարձանի տարածքում, թե դրա սահմաններից դուրս։

Եթե նույնիսկ սահմաններից դուրս է, բայց գտնվում է գետի անմիջական գոտում, բնապահպանության տեսչությունն իրավասու է արգելել ու կասեցնել շինարարությունը, հայտնեց նախարարը։

Բնապահպանության նախարարի խոսքով` առայժմ հայտնի է միայն, որ շինարարության տարածքը սեփականաշնորհվել է տարիներ առաջ, բայց չասաց` ով է սեփականատերն ու շինարարություն կատարողը։

Մինասյանը հայտնեց նաև, որ բնության հուշարձանի հսկողությունն ուժեղացնելու և այն պահպանելու համար բնապահպանության նախարարությունը դեռևս մեկ տարի առաջ էր առաջարկել այն Գառնի համայնքի հաշվեկշռից տեղափոխել Խոսրովի անտառ արգելոցի հաշվեկշիռ։ Նախարարության այս առաջարկն առայժմ անարձագանք է մնացել. համայնքի ղեկավարությունը ձգձգում է որոշման ընդունումը։

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերն ահազանգել էին Գառնու կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» մոտ շինարարական աշխատանքների մասին` տարածելով դրանք ապացուցող լուսանկարներ։