Բողոքի ցույց Երևանում. առևտրականները բողոքում են սնանկ հայտարարված «Աշտարակ–Կաթից»

Կաթնամթերք արտադրող ընկերությունը պատրաստվում է դատարան կանչել 240 տնտեսվարողի և գումար ստանալ նրանցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն այսօր ակցիա էին կազմակերպել և կառավարությունից պահանջում էին լսել իրենց մտահոգող խնդիրը, որը կապված է «Աշտարակ-Կաթ» ընկերության հետ։

Հիշեցնենք, որ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն 2016 թվականին սնանկ է ճանաչվել. խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Ընկերությունը վստահեցնում է, որ 240 մանրածախ տնտեսվարողներ պարտք են իրեն։ Խոսքը միլիոնավոր դրամի մասին է, և ընկերությունը փորձում է դատարանի միջոցով գումար ստանալ նրանցից։

Ակցիան բազմամարդ չէր, մասնակցում էին ընդամենը 10 մարդ, սակայն նրանք ասում էին, որ կառավարության շենքի մոտ են եկել 240 իրավաբանական անձանց անունից, որոնց նկատմամբ «Աշտարակ-Կաթը» դատական հայց է ներկայացրել։

«Աշտարակ կաթի» գործունեությունից տուժած մանրածախ առևտրականների բողոքի ակցիան

«Աշտարակ-կաթը փորձում է խարդախությամբ գումար շորթել մեզանից։ Ծանուցագիր է եկել, որ մարտի սկզբին ես պետք է դատական նիստի մասնակցեմ մի բանի համար, որը չեմ արել»,- Sputnik Արմենիային ասաց մթերային ընկերության տնօրեն Էդուարդ Կոշտոյանը։

Նրա խոսքով` «Աշտարակ-Կաթը» մեկուկես տարի կաթնամթերք է մատակարարել նրա խանութ և դրա համար կանխիկ գումար ստացել։ Գումարը տվել է ընկերության մատակարարին, սակայն նրանք իրենց հերթին, հաշվի առնելով իրար վստահելու հանգամանքը, կտրոններ չեն տվել։

«Այսօր «Աշտարակ-Կաթն իմ ու ինձ նման մարդկանց դեմ հայց է ներկայացրել դատարան և պահանջում է վերադարձնել իր կաթնամթերքի գումարը, որը մենք լիովին վճարել ենք»,- ասաց Կոշտոյանը։

Դատական առաջին նիստը նախատեսված է մարտին։ Ընկերությունը Կոշտոյանից պահանջում է վճարել 2 միլիոն դրամ։

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային, վստահեցրեց, որ «Աշտարակ —Կաթ» ընկերությունում հանցավոր խումբ է գործել։

«Մանրածախ առևտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը։ Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից»,- ասաց նա։

Աթոյանը հույս հայտնեց, որ իշխանությունը կմիջամտի և կօգնի առևտրականներին։