ՀՀ ԱԳՆ. Աշխարհում տեսնում են` Բաքվի հայատյացությունը սպառնում է Կովկասի անվտանգությանը

Հակամարտությունը չի լուծվում հենց այն պատճառով, որ խաղաղ պահանջներին Ադրբեջանը սպառնալիքով է պատասխանում, հայտնեց փոխնախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Աշխարհում արդեն տեսնում են` Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության պաշտոնական քաղաքականությունը սպառնում է ողջ Հարավային Կովկասի անվտանգությանը։ Այդ մասին Սումգայիթի դեպքերի 30-ամյա տարելիցին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ–ում հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Այն ժամանակ, ի պատասխան Ստեփանակերտում խաղաղ ցույցերի, Ադրբեջանի իշխանությունները նրանց լռել ստիպելու փորձ արեցին։ Սումգայիթից հետո, ջարդերի ալիքն անցավ նաև Կիրովաբադով, Բաքվով և այլ բնակավայրերով։

Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

Իսկ 2016 թվականին աշխարհը կրկին ականատես դարձավ խաղաղ բնակիչների և ռազմագերի նկատմամբ ատելության քարանձավային դրսևորումներին։ Ադրբեջանը ցույց տվեց` մարդասիրական իրավունքի և քաղաքակիրթ կյանքի նորմերը դատարկ բաներ են։ «Արցախի հակամարտությունը չի լուծվում հենց այն պատճառով, որ խաղաղ պահանջներին Ադրբեջանը սպառնալիքի ուժով է պատասխանում», – ընդգծեց Քոչարյանը։

Միջազգային գործընկերների մոտ հասունանում է, կարելի է ասել` արդեն հասունացել է հետևյալ պատկերացումը` քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները ատելություն են քարոզում հայերի նկատմամբ, Հարավային Կովկասի անվտանգությունը շարունակում է վտանգի տակ մնալ, ընդգծեց նա։