ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Այսօր առավոտյան Արցախում զոհված զինվորի հարազատները դեռ չեն վերադարձել Ռուսաստանից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց զինվորի հայրենի գյուղի` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։
«Գրիգորը տան կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Նորմալ ընտանիք են, գյուղում երկհարկանի սեփական տուն ունեն, բայց հիմա Ռուսաստանում են ապրում»,- պատմեց գյուղապետը` հավելելով, որ ընտանիքի հայրը տարիներ առաջ էր մեկնել` արտագնա աշխատանքի։ Իսկ մայրն ամուսնու մոտ է մեկնել որդուն բանակ տանելուց հետո։
«Գրիգորը գյուղի դպրոցն է ավարտել։ Մինչև բանակ զորակոչվելը գյուղում է բնակվել»,- ասաց Իգիթյանը։
Գրիգորը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել է 2016թ. հուլիսին և այս տարի հուլիսին պետք է վերադառնար տուն։
Գրիգոր Եղոյանն այսօր հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Այսօր առավոտյան նա մահացու վիրավորում էր ստացել Արցախի ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում` հակառակորդի կրակոցից։