Այս շաբաթ ՀՀԿ-ն կներկայացնի ապագա պաշտոնյաների իր թեկնածուներին

ՀՀԿ-ն իր թեկնածուներին ընտրել է և առաջիկա օրերին կներկայացնի խորհրդարանին։ ՀՀԿ խոսնակն այսօր որոշ անուններ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Այս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն ԱԺ-ում կներկայացնի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա վստահեցրել է, որ առաջադրման համար անհրաժեշտ ԱԺ պատգամավորների ¼-ի ստորագրություններն առաջիկա 1-2 օրերի ընթացքում ՀՀԿ խմբակցությունը կհավաքի և կներկայացնի։

Շարմազանովի խոսքով` ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մարտի 2-ին։

Այս շաբաթ ՀՀԿ-ն կքննարկի և կներկայացնի նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամների 5 թեկնածուներին, քանի որ նրանց ընտրությունը պետք է կայանա փետրվարի 27-ից մարտի 2-ը։

«Քննարկում եղել է, բայց քանի դեռ խմբակցությունում վերջնական որոշում չի կայացվել, ես չեմ կարող հրապարակել թեկնածուների անունները»,- ասել է Շարմազանովը` միաժամանակ չբացառելով, որ նրանց թվում է նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։