Հայաստանը շարունակելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ քայլերը

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ապրիլին կավարտվի։ Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փետրվարի 21-ին ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017թ.-ի նոյեմբերին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

«Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը և կայուն զարգացմանը՝ համաձայնագրում ներառված ոլորտներում: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամսին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Բաքուն խճճվել է իր իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում. Նալբանդյան

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նախարարը հիշեցրել է, որ տասը տարի առաջ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելով` Սերժ Սարգսյանը նախաձեռնել է Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սակայն Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա հիմնվելով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին` նախարար Նալբանդյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը և ոչ միայն այն: Փետրվարի 8-ին այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։ Դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է»:

Նալբանդյանը նաև հիշեցրել է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում` երեխաների, կանանց և տարեց անձանց սպանություններով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։

«Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին»,- ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ավարտելով ելույթը` Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը: