ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանում 2018թ-ի հունվարին տնտեսական ակտիվությունն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,2 տոկոսով, իսկ այդ շրջանում գնաճը կազմել է 2,7 տոկոս։ Այս մասին նշված է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» ղեկավար Արտակ Մանուկյանը կարծում է, որ վիճակագրական ցանկացած տվյալ վերլուծելու դեպքում պետք է հաշվի առնել, որ սատանան, ինչպես հայտնի է, թաքնված է մանրուքներում։
Փորձագետը հիշեցրեց, որ ցանկացած տնտեսական աճի վերջնական շահառուն պետք է լինի մարդը, և եթե Ազգային վիճակագրական ծառայությունն ինչ-որ թվեր է հրապարակում, որոնք վկայում են տնտեսական ակտիվության մասին, բայց միևնույն ժամանակ բնակչության սոցիալապես խոցելի խավերը գնաճի հետևանքով սկսել են ավելի վատ ապրել, ապա անհասկանալի է, թե ընդհանրապես ինչ զարգացման մասին է խոսքը։
«Դժվար է ասել, թե որքանով են իրատեսական այդ ցուցանիշները։ Երբ մենք չունենք այլընտրանքային վիճակագրություն, ապա դժվար է ինչ-որ հետևություններ անել։ Դժբախտաբար Հայաստանում չկա հանրային մարմին, որը կներկայացներ տնտեսական աճի մասին սեփական տվյալները», — նշեց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով` տնտեսական աճը չի զգացվում հասարակ քաղաքացիների առօրյայում։
«Տնտեսությունը ձևականորեն աճում է, բայց բնակչությունն աղքատանում է։ Դա պարադոքս է», — ասում է նա։
Անհասկանալի է նաև, թե ինչու աշխատավարձերը և կենսաթոշակները չեն ինդեքսավորվում, եթե երկրում աճում է տնտեսական ակտիվությունը։ Վիճակագրական տվյալների հեղինակները խորամանկում են նաև գնաճի հարցում։ Բանն այն է, որ գնաճի 2,7-տոկոսանոց մակարդակը չի արտացոլում իրական պատկերը, որի դեպքում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների` կարագի, ալյուրի, մսի, վառելիքի գներն աճել են 25-40 տոկոսով։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 128,2 միլիարդ դրամ կամ 13,9 տոկոսով շատ, քան անցած տարվա հունվարին։ Ծառայությունների ոլորտում արտադրության ծավալն աճել է 15,2 տոկոսով` կազմելով 111,4 միլիարդ դրամ։ Ներքին առևտուրը կազմել է 157,3 միլիարդ դրամ` 17,3 տոկոս աճով։
Վիճակագրության համաձայն` ցուցանիշներն աճել են նաև շինարարության ոլորտում` 19,7 տոկոսով կամ 9,3 միլիարդ դրամով։ Ի հակադրություն նշված ոլորտների, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է աննշան անկում` 0,4 տոկոսով։ Արտադրության ծավալները կազմել են 17,5 միլիարդ դրամ։
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հունվարին կազմել է 226,4 միլիարդ դրամ, ինչը 2017թ-ի հունվարի ցուցանիշից շատ է 47,6 տոկոսով։