ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Լեո» մինի ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գարեգին Մաշումյանը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալ եմ «Սպարտակին» ինձ հավատալու համար։ Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ նման հզոր ակումբում։ Դա մեծ մարտահրավեր է ինձ համար։ Կարծում եմ, որ կկարողանամ օգնել իմ թիմակիցներին հաջողության հասնելու գործում, ինչպես նաև ուրախություն պարգևել ակումբի երկրպագուներին», — ասել է Մաշումյանը։
Հայ ֆուտբոլիստին ջերմ են ընդունել թիմում։ Մարզումներն ընթանում են շատ բարձր տեմպով, որին դեռ պետք է վարժվել։ Նա հույս ունի, որ շատ շուտով ավելի վստահ կզգա իրեն։
Մաշումյանը խոստովանում է, որ մարզական գործընթացի ժամանակ լեզվական արգելքներ չեն ծագում, նա ամեն ինչ հասկանում է, թեև երբեմն դժվարանում է պատասխանել հարցերին։
«Ես շատ սխալներ եմ թույլ տալիս, որոնց պատճառով սկսում եմ նյարդայնանալ։ Կաշխատեմ ամեն ինչ անել, որ կարճ ժամանակում ռուսերեն խոսեմ», — ասել է Մաշումյանը։
Ֆուտբոլիստի առաջի խաղը եղել է Սարատովի «Վոլգայի» հետ։
«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաշիվը բացել իմ խփած գոլով։ Հուսով եմ, որ այդ գոլն ինձ լրացուցիչ վստահություն կհաղորդի և կօգնի արագ ադապտացվել թիմում», — ասել է Մաշումյանը։
Հայաստանի հավաքականի 28 տարեկան հարձակվողը «Սպարտակի» հետ պայմանագիր է կնքել մինչև խաղաշրջանի ավարտը։
Գարեգին Մաշումյանը ծնվել է 1989թ-ի սեպտեմբերի 1-ին Երևանում։ Մեծ ֆուտբոլում հանդես է եկել «Ալաշկերտ», «Ուլիս 2», «Կիլիկիա» և «Բանանց» թիմերում։ Իր կարիերայի ընթացքում հարձակվողն անցկացրել է 37 խաղ և խփել չորս գոլ։ Նշենք, որ գոլերից մեկի հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։
«Լեո» մինի ֆուտբոլային ակումբի կազմում Գարեգինը դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի վեց խաղերում աչքի ընկել վեց անգամ։ Մաշումյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 11 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ։