ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ԵրեկՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում միջոցառման ժամանակ գողության մասին տեղեկատվության հրապարակումից հետ Sputnik Արմենիան նամակ է ստացել «Գրիգ Շոկոլա» ընկերության սեփականատեր Կարեն Գրիգորյանից։ Նամակում նա նշում է, որ Մատենադարանում կայացած միջոցառումը կազմակերպել էր իրենց ընկերությունը, գողացած ափսեներն էլ ընկերության սեփականությունն են։
«Տպավորություն է, որ Մատենադարանը ինչ-որ կերպ կապ ունի այս ամենի հետ, նման բան չկա, Մատենադարանը կապ չունի այս միջադեպի հետ,– գրում է Գրիգորյանը,– գողացված ափսեները եղել են «Գրիգ Շոկոլա» ընկերության սեփականությունը, որի ղեկավարը ես եմ, և արդեն իսկ գողոնը հետ է վերադարձվել անհայտ քաղաքացու կողմից»։
Ափսեների սեփականատերը հայտնում է նաև, որ չի պատրաստվում տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն բողոք ներկայացնել։
Հիշեցնենք` երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։
Ինչպես հայտնում էր shamshyan.com-ը, Գրիգորյանը, որը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։