ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Այսօր կեսօրին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի հատվածում տեղի ունեցած ավտովթարից տուժած մանկահասակ երեխան 2.5 ամսական է` ծնված 2017թ–ի դեկտեմբերին։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ուր վթարից հետո գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է տուժած երեխան։
Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և պայքարում են կյանքի համար։
Հիշեցնենք` այսօր ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի տարածաշրջանի տարածքում բախվել էին Lada և Samand մակնիշի ավտոմեքենաները։
Վթարից տուժած 8 մեծահասակները տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն, մանկահասակ երեխան` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ։