Արմեն Սարգսյանին նախագահության «ստրկական» պայմաններ են առաջարկել. քաղաքագետ

Երկրի բարձրագույն պաշտոնյաները` նախագահն ու ԱԺ խոսնակը, զրկվում են անվտանգության հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վտանգավոր է համարում այն, որ Հայաստանի ապագա նախագահին զրկում են բոլոր պրակտիկ գործառույթներից ու հնարավորություններից։

«Սուպերնախագահը» հարձակվում է. ինչով ուժեղ կլինի Հայաստանի իշխանությունը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը նախևառաջ ուշադրություն դարձրեց Ազգային անվտանգության խորհրդի կազմին։

Ազգային ժողովի ընդունած «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքով ենթադրվում է, որ Անվտանգության խորհրդում կներառվեն ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու արտգործնախարարը։ Միաժամանակ ո՛չ նախագահը, ո՛չ ԱԺ խոսնակը այդ կառույցում չեն ներառվելու։ Այս հանգամանքը մտահոգել է խորհրդարանական ընդդիմությանն ու փորձագետներին. նրանք հայտարարում են, որ «սուպերվարչապետական» ինստիտուտ է ստեղծվում, և ապագա նախագահը զրկվում է քիչ թե շատ կարևոր գործառույթներից։

Նման կարծիք ունի նաև մեր զրուցակիցը։

«Ինձ ամենաշատը զարմացրեց Ազգային անվտանգության խորհրդի նոր կազմը։ Այն վերածվում է գործադիր կառույցի, որում ներառված չէ ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանի խոսնակը։ Իրավիճակը շատ վտանգավոր է ու աբսուրդային»,- ասաց նա։

Մանվել Սարգսյանի խոսքով` երկրի բարձրագույն պաշտոնյաները` նախագահն ու ԱԺ խոսնակը, զրկվում են անվտանգության հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքից։

«Ես չգիտեմ` ուրիշ որ երկրում է թեկուզ միայն ներկայացուցչական գործառույթ կատարող նախագահը դուրս մնում Անվտանգության խորհրդից», — ասաց նա։

Փորձագետը նշեց, որ ոչ մի առանցքային հարց չի լուծվելու առանց նախագահի հավանության, բայց այդ մարդը չի ներառվելու Խորհրդի կազմում։ Քաղաքագետը նաև չի հասկանում` ինչպես է իշխող կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը համաձայնում այդպիսի «ստրկական» պայմանների։

«Հնարավոր է` գործող ու ապագա նախագահները ստվերային պայմանավորվածություններ ունեն, ու այսօրվա օրինաստեղծ գործողություններն արվում են դրանք քողարկելու համար», — ասաց մեր զրուցակիցը։

Նախկին վարչապետը համաձայնեց դառնալ Հայաստանի նախագահ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն իր հերթին կարծում է, որ ապագա նախագահի գործառույթներն ու լիազորությունները համահունչ են խորհրդարանական կառավարման համակարգի ոգուն։ Նա համաձայն չէ այն պնդման հետ, որ նախագահին առանց լիազորությունների են թողնում ու փոխարենը վարչապետին են ուժեղացնում։

Միաժամանակ նա կարծում է, որ ապագա նախագահի թեկնածության շուրջ որոշակի քաղաքական համերաշխություն կա։ Նրա խոսքով` Արմեն Սարգսյան իրեն դրսևորում է որպես քաղաքական-հասարակական գործիչ, որը ոչ միայն մարմնավորում է քաղաքական համերաշխությունը, այլև ներկայացնում է հասարակության շահերը։

Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) առաջադրել է որպես Հանրապետության նախագահի թեկնածու, ընդունել է նախագահ դառնալու առաջարկը և այդ մասին հայտնել ՀՀ ներկային նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։