ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 18-ին Արմենիա բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկատվության փաստով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 15:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից Սևանի Ոստիկանություն հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադը «թունավորում անհայտ էթոլոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Միսակ Կարապետյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ ինքը նախօրդ օրը գտնվել է Սևան քաղաքում, որտեղ իր ինքնազգացողությունը վատացել է:
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 19:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Թումանյան փողոցից Մ. Կարապետյանը իր կողմից վարած Toyota մակնիշի 35 DT 970 համարանիշի ավտոմեքենայով 2 անծանոթ քաղաքացու պետք է տեղափոխեր Մարտունի քաղաք: Կարապետյանը Toyota ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի:
Հասնելով Աբովյանի «գաի պոստի» մոտ` ուղևորները պահանջել են, որ նա ավտոմեքենան կայանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «ԳԱԻ-մարկետ» կոչվող խանութի մոտ: Դրանից հետո ուղևորներից մեկը նշված խանութի դիմաց տեղադրված սուրճի սարքից իրեն սուրճ է հյուրասիրել, որը ինքը խմել է և շարունակել են ճանապարհը դեպի Գեղարքունիքի մարզ:
Հասնելով Չայնիի կոչվող ոլորաններ` նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի աջ երթևեկելի գոտում և կորցրել գիտակցությունը:
Տևական ժամանակ անց գիտակցության գալով՝ նկատել է, որ ուղևորները հեռացել են, իսկ ավտոմեքենայի սրահից հափշտակել են իրեն պատկանող Samsung G1 տեսակի բջջային հեռախոսը և իր մոտ եղած գումարը:
Կարապետյանը հետաքննչական բաժանմունքում հայտնել է, որ հյուրասիրած սուրճի մեջ կասկածելի նյութ են գցել, ինչից իր ինքնազգացողությունը վատացել և գիտակցությունը կորցրել է: