Անվճար կրթություն ՌԴ–ում. քանի՞ հայ ուսանող կկարողանա ընդունվել այս տարի

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը սկսում են ընտրել Ռուսաստանի լավագույն բուհերում սովորելու թեկնածուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը երկրի առաջատար բուհերում ուսանելու համար Հայաստանին անվճար ուսուցման 205 տեղ է հատկացրել, Sputnik Արմենիային ասաց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Նրա խոսքով, Ռուսաստանում սովորելու համար թեկնածուների ընտրությունը կմեկնարկի փետրվարի 21-ին։

«Դիմորդները կարող են հայտ ներկայացնել Ռուսաստանի 500 լավագույն բուհերից մեկը։ Սկզբում նրանք հարցազրույց կանցնեն ԳՄՌԿ-ում, այնուհետև նրանց հետ կզրուցեն բուհի ներկայացուցիչները», — ասաց Ռիբինսկին։

Նա նշեց, որ Հայաստանին այս տարի 205 քվոտա է հատկացվել, տարեցտարի այդ թիվն աճում է (անցյալ տարի 187 քվոտա է եղել և 600 հայտ)։ Առավել պահանջված են տնտեսագիտություն և իրավագիտություն մասնագիտությունները։

Այս տարի ընտրության արդյունքները կհայտարարվեն մարտի 23-ին։

Հայ ուսանողներն արժութային բորսա են ստեղծել «թեժ» տեխնոլոգիայի հիման վրա

Ընտրության ժամանակ հանձնաժողովն ուշադրություն է դարձնելու դիմորդի ուսման առաջադիմությանը, որը պետք է հիմնավորված լինի փաստաթղթով։

«Դա կարող է լինել դիպլոմը, ավարտական փաստաթուղթը, ատեստատը։ Եթե թեկնածուն դեռ սովորում է, ապա պետք է առաջադիմության վերաբերյալ տվյալներ ներկայացնի», — ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արկադի Պապոյանը։

Նա մի կարևոր պայման նշեց. դիմորդը բանակային ծառայության հետ կապված չլուծված խնդիրներ չպետք է ունենա։

«2017 թվականին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենք էր ընդունվել, որի համաձայն` տարկետում չի նախատեսվում», — ասաց Պապոյանն` ավելացնելով, որ դա կարևոր գործոններից մեկն է, որը պետք է հաշվի առնել ընդունվելիս։

Մասնագիտությունների մասին խոսելիս` նա նշեց, որ Հայաստանի համար առաջատար ուղղություններից են բնական գիտությունները։ Դիմորդները կարող են ընդունվել ինչպես բակալավրիատ, այնպես էլ մագիստրատուրա, ասպիրանտուրա և օրդինատուրա։

Նրա խոսքով` թեկնածուները պետք է մասնագիտական քննություններ հանձնեն հայկական օրենսդրության համաձայն, պարտադիր է նաև ռուսաց լեզվի իմացության թեստը։

«Ինտեր-Էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը նշեց, որ մարտի 21-23-ը «ХХI դարի կրթություն» ավանդական ցուցահանդեսի շրջանակում ապագա դիմորդները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալու ռուսական որոշ բուհերի հետ։

«Ցուցահանդեսին ավելի քան 70 բուհ է մասնակցելու, այդ թվում` Ռուսաստանի լավագույն 10 համալսարանների և ինստիտուտների ներկայացուցիչները», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա բաց դռների օրվա պես մի բան է, երբ դիմորդները և նրանց ծնողները կարող են ծանոթանալ հայկական և ռուսական բուհեր ընդունվելու կանոններին։